ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռնուհԻն՝ արքայադուստր Բեատրիսը, գաղտնի ամուսնացել է իտալացի միլիոնատեր Էդոարդո Մապելի Մոցինի հետ։ Գրում է The Sun- ը:
Հարսանեկան արարողությունը կայացել է Վինձորի Բոլոր սրբերի թագավորական մատուռում։ Բուքինգհեմյան պալատը տոնակատարությունից մի քանի լուսանկար է հրապարակել: Դրանցից պարզ է դառնում, որ հարսանիքին ներկա են եղել զույգի ամենամտերիմ մարդիկ, այդ թվում ՝ Եղիսաբեթ թագուհին և նրա ամուսինը ՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով բոլոր հյուրերը պահպանել են սոցիալական հեռավորություն, իսկ արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հարսանիքին հրավիրված չեն եղել, քանի որ գտնվում են ԱՄՆ–ում։
31-ամյա Բեատրիսը իր հարսանեկան զգեստն ընտրել է Norman Hartnell–ից, իսկ նրա 37–ամյա ընտրյալը հագել է դասական սև կոստյում։
Արքայադուստր Բեատրիսն արքայազն Էնդրյուի՝ Յորքի դքսի, և Յորքի դքսուհի Սառայի ավագ դուստրն է: Բեատրիսի նշանադրության մասին լուրերը ԶԼՄ-ներում հայտնվեցին 2019 թվականի գարնանը, բայց նրանք պաշտոնապես նշանվել են 2019 թվականի սեպտեմբերին։