ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Նախօրեին հայտնի դարձավ, որ «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Sport24-ին տված հարցազրույցում Բայրամյանը պատմել է իր ընտրության մասին ու խոսել սպասելիքների մասին։
Ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ է Հայաստանի ազգային հավաքականում խաղալու համար, չնայած որ լիարժեք չի գիտակցում, թե ինչ է իրեն սպասվում։
«Կարծում եմ՝ այդ ամենը կգիտակցեմ, երբ ժամանեմ Հայաստան, ծանոթանամ թիմի հետ ու նրանց հետ լինեմ միևնույն հանդերձարանում: Երբ առաջին անգամ հագնեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, ահա այդ ժամանակ իսկապես կհասկանամ, թե դա ինչ է: Շատ եմ սպասում այդ պահին: Կարծում եմ՝ հուզիչ կլինի»,–ասել է նա:
Խորենի խոսքով` Հայաստանը որակյալ ֆուտբոլիստներ ունի, միշտ ունեցել է ամուր և մրցունակ կազմ:
«Իհարկե, առանձնանում է Հենրիխ Մխիթարյանը, որը մեծ վարպետ է, շատերի կուռք և որին շատ տղաներ պետք է փորձեն նմանվել: Հենրիխը եվրոպական մակարդակի աստղ է: Մենք նրա հետ ծանոթացանք, երբ «Ռոստովը» խաղում էր Չեմպիոնների լիգայում: Այն ժամանակ մենք մի քանի բառ փոխանակեցինք ու միմյանց հաջողություն մաղթեցինք: Ինձ համար դա մեծ իրադարձություն էր: Իսկ հիմա, Աստված տա, նրա հետ կկիսեմ հանդերձարանը: Հիանալի կլինի, ցանկանում եմ հնարավորինս շուտ զգալ դա»,–ասել է ֆուտբոլիստը:
Բայրամյանը նշել է, որ խոսում է հայերեն, բայց Նոյեմբերյանի բարբառով։ Պատմել է, որ ծնունդով Կոթի գյուղից է: Ֆուտբոլիստի խոսքով ինքն անձամբ չի խոսել հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ, այլ խոսել է Վալերի Կարպինի հետ: Իր հետ կապ է պաշտպանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
«Ձեզ հետ եմ»․ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Տավուշում սրված իրավիճակին
Ֆուբոլիստը շնորհակալություն է հայտնել բոլոր շնորհավորանքների, հաճելի խոսքերի և աջակցության համար:
Նշենք, որ Բայրամյանը հայրենիքում եղել է 2 տարի առաջ։ Այժմ էլ մեծ մտահոգությամբ է հետևում հայ–ադրբեջանական սահմանագոտում տիրող կարված իրավիճակին։ Ուզում է հավատալ, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կլուծվի և անմեղ մարդիկ չեն զոհվի։