ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կլաարի և Ռուդենկոյի հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր ԵՄ-ի նախաձեռնությամբ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի սրացումը։
«Կողմերը միաձայն նշել են, որ պետք է առավելագույն զսպվածության դրսևորել, հրաժարվել հետագա էսկալացիայի տանող գործողություններից և հայտարարություններից, ինչպես նաև կատարել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունները», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։
Բաքվի հետ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն. Փաշինյան