ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Հայտնի գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր էջի 670 000 հետևորդներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի սրման մասին:
«Ուշադրություն։ Ադրբեջանը տարածաշրջանում պատերազմ է սկսում համաճարակի պայմաններում», - սթորի բաժնում գրել է Օհանյանը:

Մարտի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաշտոնապես կոչ էր արել ամբողջ աշխարհին զերծ մնալ COVID-19 համավարակի ժամանակ ռազմական գործողություններից և պայքարել ընդհանուր թշնամու` կորոնավիրուսի դեմ:
Նշենք, որ Օհանյանի հայրական պապն ու տատը փրկվել են Հայոց ցեղասպանությունից ու բնակություն հաստատվել ԱՄՆ–ում:
Ամերիկահայ բիզնեսմենը երկու անգամ պատմական հայրենիք է այցելել։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Հայաստանից ու երկրի մասին գրառումներ և հրապարակումներ է անում։
Ավելի վաղ Օհանյանը խոստովանել էր, որ պատմական հայրենիք կատարած առաջին այցը շրջադարձային է եղել իր համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։