Կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի փորձարկումներին մասնակցած առաջին կամավորները դուրս են գրվել Բուրդենկոյի անվան զինվորական հոսպիտալից։ 28 օր շարունակ բժիշկներն ուսումնասիրել են փորձարկումների մասնակիցների օրգանիզմի վրա դեղորայքի ազդեցությունը և եկել այն եզրակացության, որ պատվաստանյութն անվտանգ է և լուրջ կողմնակի ռեակցիաներ չի առաջացնում։
Հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ բոլոր կամավորներն արյան անալիզ են հանձնել, որը ցույց է տվել, որ օրգանիզմում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ և իմունիտետ է սկսել ձևավորվել։
«Կամավորների խմբի (որը երկու ենթախմբերից է բաղկացած եղել) առաջին ենթախումբը ստացել է առաջին բաղադրիչը, երկրորդ ենթախումբը` երկրորդ բաղադրիչը: Այսօր` պատվաստման 28-րդ օրը, նրանք վերջապես դուրս են գրվել։ Նրանք գոհ ու երջանիկ տուն գնացին։ Նրանց իմունիտետը գործում է, հակամարմիններն արտադրվում են, և նրանք պաշտպանված են կորոնավիրուսից»,–նշել է Բուրդենկայի անվան գլխավոր ռազմական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Սվետլանա Վոլչիխինան։
Կորոնավիրուսը նոր թափ է հավաքում. ԱՀԿ–ն հետաքրքրվել է Сovid-19–ի ռուսական պատվաստանյութով
Թեպետ, մասնագետներն ասում են` վարակի դեմ հաղթանակը դեռ վաղ է տոնել. դեղամիջոցը դեռ պետք է ապացուցի իր արդյունավետությունը։
Փորձարկումների հաջորդ փուլերի ընթացքում բժիշկները կուսումնասիրեն պատվաստված մարդկանց մոտ առաջացած իմունիտետի «երկարակեցությունը»։ Բացի այդ, խիստ է սահմանված դեղամիջոցն արտադրության հանելու ժամկետների հարցը։ Մասնագետների խոսքով` պատվաստանյութը զանգվածաբար հնարավոր կլինի թողարկել Առողջապահության նախարարության կողմից հավանության արժանանալուց մի քանի ամիս անց միայն։