ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական կողմի սկսած մարտական գործողությունների փաստով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակ է արձակվել նույն բնակավայրի երկու բնակիչների՝ 12-րդ փողոցում գտնվող առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, իսկ նշված առանձնատների արտաքին պատերը և պատուհանները հրավտանգ եղանակով վնասվել են»,–նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Կատարվում է նախաքննություն։
Գիշերային դիվերսիոն ներթափանցման փորձին մասնակցել է 100-ից ավելի ադրբեջանական զինծառայող
Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։
Այգեպարի մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից. լուսանկարներ