ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Կանադաբնակ ադրբեջանցի հանրահայտ մոդել Քամի Օսմանը խաղաղության կոչ է արել Instagram-ի իր էջում։ Մոդելը իր հերթական լուսանկարին կցել է Հայաստանի և Ադրբեջանի դրոշների էմոջիները՝ դրանց միջև «սրտիկի» նշան դնելով։
«Սերը բուժում է ամենախորը վերքերը։ Խաղաղություն, ոչ թե պատերազմ»,- գրել է Քամին։
Նա նաև իր սթորիներում տեսանյութ է հրապարակել, որում ասել է, որ շատ հայ ընկերներ ունի և ցավում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանում լարվածության սրացման համար։
«Խնդիրը ոչ թե մարդիկ են, այլ քաղաքականությունը։ Մենք բոլորս պետք է սիրենք և հարգենք իրար և նախապատվությունը տանք խաղաղությանը։ Ես սիրում եմ իմ հայ ընկերներին, նրանք իմ քույրերն ու եղբայրներն են, ես ամեն ինչի պատրաստ եմ հանուն նրանց»,- իր հրապարակած տեսանյութում ասել է մոդելը։
Նա հավելել է նաև, որ Կանադայում և ԱՄՆ-ում քիչ են ադրբեջանցիները, և ինքը շփվում է տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ։ Ֆոտոմոդելի գրառումները ադրբեջանցի օգտատերերին դուր չեն եկել։
«Եթե դու իրական ադրբեջանցի ես, դու ոչ թե խաղաղություն պետք է ուզես, այլ հաղթանակ Ադրբեջանին», «դու ի՞նչ է՝ հայերի՞ց ես վախենում», «դու մեր ազգի խայտառակությունն ու ամոթն ես»,- գրել են նրանք։
Քամի Օսմանը բնակվում է Կանադայում, նրան հաճախ կոչում են «կանադական Քիմ Քարդաշյան»՝ հայազգի մեգաաստղին նմանեցնելով։
Посмотреть эту публикацию в Instagram