ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի –Sputnik. ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները հետաքննում են ՀՀ վարչապետի և կառավարության կայքերը «կոտրելու» դեպքերը։
Ադրբեջանցիները գործի են անցել նաև վիրտուալ տարածքում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը
Այսօր հայտնի էր դարձել, որ Հայաստանում պետական երեք ռեսուրս` ՀՀ վարչապետի (primeminister.am), կառավարության (gov.am), ինչպես նաև էլեկտրոնային կառավարման (e-gov.am) կայքերը հաքերային հարձակման են ենթարկվել։ Մի քանի ժամ անց հաղորդագրություն էր հայտնվել ՀԷՑ–ի կայքը կոտրելու մասին։
«Ներկա պահին միայն կարող եմ ասել, որ ԱԱԾ–ն պարզում է կիբեռհարձակումների հանգամանքները ավելի խորը տեղեկություն ստանալու և հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով», – նշեց Գևորգյանը։
Ենթադրաբար, հարձակման նախաձեռնողը Ադրբեջանի հատուկ ծառայություններն են։ Թշնամու հաքերական հարձակումները տեղի են ունենում Տավուշի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին կտրուկ սրված իրավիճակի ֆոնին։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:
Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից, ցավոք, մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
Միջազգային կազմակերպություններն ու միջնորդ երկրները հանդես են եկել խաղաղության կոչերով։