ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 11-ին, վաղ առավոտից ոստիկանությունը փորձում էր հեռացնել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ գործող հին իրերի` այսպես կոչված «քրջի շուկայի» վաճառողներին:
Հնավաճառների ու ոստիկանների միջև իրարանցում էր սկսվել:
Ոստիկանները պնդում էին, որ իրականացնում են համայնքային իշխանության որոշումը, հնավաճառներն էլ ասում էին, որ իրենց զրկում են հացի փող աշխատելու վերջին միջոցից:
«Ո՞ւր են տանում, տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարողանա մի կոպեկ փող աշխատի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ իրենց տեղեկություններով` հնավաճառներին որոշվել է այդ տարածքից տեղափոխել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք կամ Երևանի ՋԷԿ-ի մոտ՝ «Տեցի կրուգ» կոչվող վայր:
«Քրջոտ իրեր ենք վաճառում, գոնե հասկանանք՝ ինչ ենք անում, մինչև էս կորոնավիրուսն անցնի, հետո հեռացրեք տարածքից»,- ասաց առևտրականներից մեկը:
Քաղաքապետարանում պնդում են, որ իրենց նպատակը տարածքը «մաքրելը» չէ, այլ առևտրականներին օրինական դաշտ բերելը:
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառման նպատակը ապօրինի առևտուրը վերացնելն է:
«Ցանկացած դեպքում նրանք պետք է աշխատեն օրինական կերպով, այսինքն՝ որպես գրանցված տնտեսվարող: Տվյալ պահին սա է հարցը, այլ ոչ թե առևտրի տեղը»,- ասաց Կարապետյանը:
Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան
Ըստ քաղաքապետարանի` Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն իրականացրած շրջայցերի արդյունքում պարզել են, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ գործող շուկայի տարածքում հատկապես շաբաթ-կիրակի օրերին հակասանիտարական վիճակ է տիրում: Բացի այդ՝ ապօրինի առևտրական գործունեությունը խանգարում է փողոցի երթևեկելի հատվածին:
Քաղաքապետարանը բազմաթիվ բողոքներ է ստանում տարածքի բնակիչներից, ինչի մասին բազմիցս զգուշացրել է նաև հնավաճառներին:
Ի վերջո, բողոքի այսօրվա ակցիայի մասնակիցների ու Երևանի քաղաքապետարանի միջև համաձայնություն ձեռք բերվեց` հնավաճառներին աշխատելու հնարավորություն տալ մինչև օգոստոսի 15-ը: Դրանից հետո նրանք պարտավոր կլինեն լքել տարածքն ու որոշել, թե քաղաքային իշխանության առաջարկած վայրերից որտեղ են շարունակելու իրենց գործունեությունը:
Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի COVID-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին