ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքիայի իշխանությունների` Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության որոշումը:
«Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը: Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն»,- ասված է խոսնակի տարածած հայտարարության մեջ:
ԱԳՆ-ի մեկնաբանությամբ` Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը, սակայն, փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։
«Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթիև նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանություններից կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը:
Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է
Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է հույն կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականին: 989 թվականի հզոր երկրաշարժից հետո տաճարի արևմտյան գմբեթի կամարը փլուզվել էր, և կայսր Բարսեղ II-ը Անիի եկեղեցիների հիմնադիր, հայ ճարտարապետ Տրդատին խնդրել էր ղեկավարել վերանորոգման աշխատանքները: Շուրջ 6 տարի տևած վերականգնման աշխատանքներից հետո Տրդատին հաջողվել էր վերակառուցել ու ամրացնել տաճարի խոնարհված գմբեթը: