Համավարակ, կարանտին, տնտեսական ճգնաժամ, բողոքի ակցիաներ... 2020 թվականը, մեղմ ասած, այդքան էլ բարեհաջող չսկսվեց։ Ու թեև սթրեսը մշտապես եղել է գրեթե բոլոր մարդկանց կյանքի անբաժանելի մասը, բայց այսօր, առավել, քան երբևէ, պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն մթերքներին, որոնք կարող են նվազեցնել սթրեսի հետևանքներն ու մեզ պարգևել ուրախության հորմոններ։
Ձուկ
Ձուկը, գերազանցապես յուղոտ ձուկը, սթրեսի դեմ լավագույն մթերքներից է։ Իշխանը, սաղմոնը, սկումբրիան, սարդինան հարուստ են ճարպաթթուներով և В խմբի վիտամիններով։
Օրինակ՝ В6 վիտամինը մասնակցում է սերոտոնինի սինթեզին, որը հայտնի է որպես երջանկության հորմոն։ Իսկ Օմեգա-3 ճարպաթթուների հաշվին արագանում է ուղեղի ակտիվությունը։ Օգտակար այս ճարպերի պակասը կարող է ապատիայի հանգեցնել։
Հունական ընկույզ
Ամերիկացի գիտնականները հունական ընկույզը «բրուտալ» հակադեպրեսանտ են անվանում։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ այն բարձրացնում է հատկապես տղամարդկանց տրամադրությունը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացի տարբեր հիվանդությունների կանխարգելումից (ճարպակալում, քաղցկեղ), ընկույզը կարող է նվազեցնել դեպրեսիաների առաջացման ռիսկը։ Հավելենք, որ այն պարունակում է ալֆալինոլենաթթու, Օմեգա-3 ճարպաթթուներ և այլ պոլիֆենոլներ (հզոր հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացումը)։ Բոլոր այդ նյութերը համալիր օգնում են կանխել հիշողության վատթարացումն ու կորուստը։
Վարսակի փաթիլներ
Քչերը գիտեն, որ վարսակի շիլան սթրեսի դեմ հիանալի միջոց է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ В վիտամին, ֆոլաթթու, բջջանյութ և օրգանիզմի վրա թողնում է հանգստացնող ազդեցություն, ինչպես նաև նպաստում սերոտոնինի արտադրությանը։
Որոշ տվյալներով՝ բրիտանացիները բավական հազվադեպ են օգտվում հոգեբանների կամ հոգեվերլուծաբանների ծառայություններից։ Չի բացառվում, որ գաղտնիքը նրանց կողմից շատ սիրելի վարսակաձավարի մեջ է։
Մեղր
Այս բնական միջոցն առավել արդյունավետ է սթրեսի ցանկացած դրսևորումների և հոգնածության դեմ։ Դա պատահական չէ։ Մեղրի բաղադրության մեջ առկա են հակասթրեսային հիմնական վիտամինները` В1, В2, В6, ինչպես նաև ուժեղագույն տոկոֆերոլ հակաօքսիդանտը (վիտամին Е), որը գիտնականները համարում են ուրախության, դրական լիցքերի և էներգիայի վիտամին։
Դա է պատճառը, որ մեղրը բարերար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, կարգավորում է քունը, հանում՝ հոգնածությունը, օգնում՝ գերլարվածության դեպքում։
Շոկոլադ
Տրամադրությունը բարձրացնելու ամենահայտնի միջոցը դառը շոկոլադն է։ Մի կտոր շոկոլադ ուտելուց հետո մարդու ուղեղում սկսում են արտադրվել նեյրոտրանսմիտերներ, որոնք էլ դրական ազդեցություն են ունենում տրամադրության և տոնուսի վրա։
Կակաոյի սերմերում եղած նյութերը նպաստում են երջանկության հայտնի հորմոնների` էնդորֆինի և սերոտոնինի արտադրությանը։
Մի հետազոտության շրջանակում 30 հոգի մի քանի շաբաթ 40 գրամ դառը շոկոլադ են կերել։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փորձարկման մասնակիցների մոտ նվազել է սթրեսի հորմանի մակարդակը։