ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Արթիկում 48-ամյա տղամարդը հյուր է գնացել կնոջ քրոջ տուն, կենցաղային հարցի շուրջ վեճի բռնվել քենակալի հետ ու դանակահարել նրա 21-ամյա որդուն, որը փորձում էր հանդարտեցնել վիճաբանությունը։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում։
Արթիկի բնակիչը, որը ոստիկանության ծառայող է, ահազանգել է, որ իր հետ նույն փողոցում բնակվող հարևանի տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդ է դանակահարվել:
48-ամյա տղամարդը տղային դանակահարելուց հետո հեռացել է դեպքի վայրից: Սակայն ճանապարհին հանդիպել է դեպքի վայր ժամանող ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ ինքն է դանակով հարվածել կնոջ քրոջ որդուն, որից հետո բերման է ենթարկվել և բացատրություն տվել դեպքի շուրջ:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:
«Ոնց թե դու իմ շանը զարկես...». Երևանում գարեջրի շշերով կռիվ ու դանակահարություն է եղել
Համաձայն դատաբժշկական փորձագետի եզրակացության՝ ստացած մարմնական վնասվածքը առաջացրել է կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ի՞նչ կապ կա վարչապետի բառապաշարի, ԱԺ ծեծկռտուքի և փաստաբանի տան վրա հարձակման միջև