ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ հրշեջ մեքենաներ են հավաքվել։ ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ շենքում ռումբ կամ հրդեհ չկա։
«Մարդիկ կայծեր են նկատել շենքում, հրշեջները շտապ տեղ են հասել։ Օպերայի շենքը հատուկ պահպանվող տարածքներից է, պետք է ամեն ահազանգին ուշադիր լինել», - ասաց նա։
Sputnik Արմենիայի թղթակիցը օպերայի շենքի բակում ԱԻՆ-ի հինգ մարտական հաշվարկ է տեսել։ Հրշեջները կանգնած են եղել մեքենաների մոտ։
Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկը մյուսի հետևից ահազանգեր հնչեցին, թե ռումբեր են տեղադրված «Դալմա Գարդեն մոլ» և «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոններում։ Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները 350 քաղաքացու տարհանեցին «Մեգամոլ Արմենիայից» և շուրջ 500 քաղաքացու «Դալմա Գարդեն մոլից», սակայն պարզվեց` ահազանգերը կեղծ էին. տեղազննման արդյունքում առևտրի կենտրոններից ոչ մեկում ռումբ չհայտնաբերվեց։