Երևանում հուլիսի 7-ին պաշտոնապես բացված Կալաշնիկովի ԱԿ-103 ինքնաձիգների հավաքման գործարանում Sputnik Արմենիան ֆիքսել է տասնյակ պատրաստի հրաձգային զենքեր, որոնք արդեն այս ամսվա վերջին կհայտնվեն հայ զինվորի ձեռքին։
Նոր, ավելի որակյալ արտադրանքը կփոխարինի իրենց դարն ապրած ինքնաձիգներին։ Սկզբում մասերը կմատակարարվեն Ռուսաստանից։ Բայց հետագայում մասերի արտադրությունն էլ կտեղայնացվի։
Ձեռնարկության հզորության լավագույն ժամանակներում կհավաքեն տարեկան մինչև 50 հազար միավոր ինքնաձիգ: Սա հսկայական թիվ է, որը մի քանի անգամ գերազանցում է հայկական բանակի կարիքները։ Տրամաբանությունը հուշում է, որ արտադրանքի զգալի մասը կարտահանվի։
Ավտոմատների հավաքման կազմակերպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 2018 թ-ի օգոստոսին Մոսկվայում, Դավիթ Գալստյանի և «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավարի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի հանդիպման ընթացքում: Իսկ այս տարվա մայիսին ձեռնարկության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ 10 տարի ժամկետով։