ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մակենանին հայտարարել է, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց ցեղասպանության հուշարձանը։ Facebook–ի իր էջում լուրը հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ տան պաշտոնական շուրթերից»,–գրել է Սարգսյանը:
Նա նշել է, որ իր կարծիքով` ցանկացած պարագայում ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար:
Հիշեցնենք` 2019թ.–ի դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ սենատորների կողմից, որոնք Սպիտակ տան խնդրանքով վետո էին դնում բանաձևի վրա։
Պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Բանաձևը կոչված է արտահայտելու Սենատի կարծիքը, որ ԱՄՆ–ը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։