ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Գյումրիում բնակվող 92-ամյա Մնացական Ջանոյանն այսօր անակնկալ հյուրեր ունեցավ։ Պապիկին այցի էին եկել հաճելի առաքելությամբ՝ նրան Հաղթանակի 75-ամյակին նվիրված հուշամեդալ փոխանցելու: Նման հուշամեդալ ու դրամական պարգև այսօր ստացան Շիրակի մարզի 21 վետերան:
![Պուտինի անունից. Հաղթանակի 75–ամյակի առթիվ հայ վետերանները մեդալ և դրամական պարգև ստացան Պուտինի անունից. Հաղթանակի 75–ամյակի առթիվ հայ վետերանները մեդալ և դրամական պարգև ստացան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2364/70/23647005_0:0:1600:1053_600x0_80_0_0_19bd8c8f7a82eb31c0fec934df3ef42b.jpg)
Անակնկալը հայ վետերաններին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից էր: Հաղթանակի 75-ամյակի առթիվ վետերաններին հատկացվել է նաև 30 հազար 500 դրամ գումար: Շիրակի մարզում պարգևատրված 21 վետերաններից 11-ը Գյումրիից էին, մյուսները՝ մարզի այլ համայնքներից:
«17 տարեկան գնացի ծառայության, մեզ տարան Աջարիա՝ Թուրքիայի հետ սահման: Մտավախություն կար, որ Ստալինգրադը հենց գերմանացիները գրավեն, թուրքերն էլ այս կողմից կանցնեն սահմանը: Մահվան ու կյանքի հարց էր: Ես դիպուկահար էի, ու ցանկացած սահմանախախտման փորձ իմ կողմից ձախողման էր ենթարկվում»,-պատմում է Մնացական պապը, հետո էլ ավելացնում, որ մեդալներ շատ ունի, բայց այս մեկն էլ իր կարևոր տեղը կունենա։
![Պուտինի անունից. Հաղթանակի 75–ամյակի առթիվ հայ վետերանները մեդալ և դրամական պարգև ստացան Պուտինի անունից. Հաղթանակի 75–ամյակի առթիվ հայ վետերանները մեդալ և դրամական պարգև ստացան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2364/70/23647000_0:0:1600:1113_600x0_80_0_0_bb2db031847c3fdde124f99582084bc8.jpg)
Համավարակի պատճառով հնարավոր չեղավ բոլոր վետերանների տուն այցելել ու պարգևն անձամբ նրանց հանձնել։ Ոմանց զավակներն էին եկել Գյումրու վետերանների միություն` պարգևը ստանալու:
Պետրոս Հակոբյանը, օրինակ, մոր` պատերազմի վետերան Արուսյակ Ֆահրադյանի պարգևներն էր եկել տանելու: «Մայրս զենիթա-հրետանային զորքերում կռվել է Հյուսիսային Կովկասում և հասել է միչև Հեռավոր Արևելք: 18 տարեկանում կամավոր է մեկնել ռազմաճակատ Վանաձորի մանկավարժական ինստիտուտից»,-պատմում է որդին՝ հավելելով, որ շատ ուրախալի է, որ այսքան տարի հետո մեր վետերանները չեն մոռացվում:
Մայիսի 1-ի տվյալներով` մեր հանրապետությունում կա 262 վետերան, նրանցից 21–ը բնակվում է Շիրակում: «Այս պարգևները վետերաններին պետք է տրվեր մայիսի 9-ին, սակայն, ստեղծված իրավիճակի պատճառով, միայն այսօր հնարավոր դարձավ նրանց հանձնել պարգևները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վետերանների միավորում հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը:
![Պուտինի անունից. Հաղթանակի 75–ամյակի առթիվ հայ վետերանները մեդալ և դրամական պարգև ստացան Պուտինի անունից. Հաղթանակի 75–ամյակի առթիվ հայ վետերանները մեդալ և դրամական պարգև ստացան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2364/70/23647016_0:0:1600:1200_600x0_80_0_0_dc93226cecaf0f40538202e3a9dea509.jpg)
Խոսելով հաղթանակի 75- ամյակին նվիրված շքերթից` Սիմոն Եսայանը նշեց, որ Հայաստանից, ըստ նախնական պայմանավորվածության, Մոսկվա մեկնելու ու հաղթական շքերթին մասնակցելու էր 5 վետերան, սակայն համավարակի պատճառով, վետերանների առողջությունից ելնելով, նրանք չմեկնեցին ՌԴ: Ի դեպ, ըստ Սիմոն Եսայանի, Հայաստանը միակ երկիրն է որտեղ վետերանները ստանում են պատվովճար՝ 100 հզ դրամի չափով: ՀՀ կառավարության որոշմամբ ` Հաղթանակի 75- ամյակի առթիվ բոլոր վետերաններին տրվեց 300 հզ դրամ միանվագ գումար:
![Պուտինի անունից. Հաղթանակի 75–ամյակի առթիվ հայ վետերանները մեդալ և դրամական պարգև ստացան Պուտինի անունից. Հաղթանակի 75–ամյակի առթիվ հայ վետերանները մեդալ և դրամական պարգև ստացան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2364/70/23647022_0:0:1600:1200_600x0_80_0_0_d0dfc610f1d692b12cb3a4decf50fe2c.jpg)