ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ Վրաստանը սահմանների բացման ժամկետները տեղափոխել է օգոստոսի 1, սակայն երկրի իշխանությունը դեռ չի որոշել, թե որ երկրների քաղաքացիների առջև է բացելու դռները։
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հրաժարվել էին արտասահմանյան երկրների հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու մտադրությունից և որոշել էին հարևանների հետ էլ ցամաքային սահմանները չբացել մինչև հուլիսի 1-ը։ Այժմ նրանք որոշման ընդունումը հետաձգել են մինչև օգոստոսի 1-ը։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքով՝ արգելքը պամանավորված է քաղաքացիների առողջության մասին հոգածությամբ։ Սակայն Թբիլիսին այնուամենայնիվ կբացի երկինքը որոշ ավիաընկերությունների համար։
Ճանապարհորդե՞լ Հայաստանում, թե՞ սպասել սահմանների բացմանը. հայկական զբոսաշրջության ներկան
Մինչ Վրաստանի իշխանությունն ընտրում է «կանաչ գոտու» երկրները, ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններում աշխատող վարորդները լուրեր են տարածում, թե օգոստոսի 1–ին կբացվի Հայաստան-Վրաստան սահմանը և իրենք կսկսեն աշխատել։
«Մենք չորս ամիս չենք աշխատել, պատրաստվում ենք օգոստոսի 1-ին սկսել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանում գտնվող վարորդներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը։
Թե որտեղից իրեն նման տեղեկություն՝ վարորդը չպարզաբանեց։ Մենք համապատասխան հարցով դիմեցինք պարետատուն։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում արտակարգ դրության պարետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասաց՝ ներկա պահին սահմանների բացման կամ Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրման հարցում որևէ փոփոխություն չկա։
«Նախկինում ընդունված բոլոր նորմերը շարունակում են գործել առանց փոփոխությունների»,-նշեց նա։
Իսկ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հայտարարել է, որ Վրաստան կարող են գալ միայն սահմանափակ թվով զբոսաշրջիկներ, քանի որ կորոնավիրուսի տարածման վտանգը շատ մեծ է։
Նա ընգծել է, որ այս տարի Վրաստանում 10 միլիոն զբոսաշրջիկի էին սպասում, սակայն համավարակի պատճառով մինչև տարեվերջ նախատեսվում է ընդունել ընդհանուր առմամբ 50 հազար արտասահմանցու։ Երկրում վախենում են, որ նրանց մեջ նույնպես կարող են COVID-19-ի վարակակիրներ լինել, ինչը բացասաբար կանդրադառնա երկրում համաճարակաբանական իրավիճակի վրա։
Էժան տուրերն անորակ են և հիասթափեցնո՞ւմ են զբոսաշրջիկներին. տուրիզմում գոյի խնդիր է
Այդ պատճառով էլ Թբիլիսին կփորձի ընտրել երկրները կամ տեղաշարժի կանոնները, ուշադրություն դարձնել թեստավորման և անվտանգության կանոնների վրա, որոնք թույլ կտան խուսափել բռնկումից։
Ավելի վաղ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքի արգելքի հնարավոր երկարաձգումը բացասաբար կանդրադառնա երկրի զբոսաշրջության ոլորտի, հետևաբար` նաև տնտեսության վրա։ Ավելին՝ կտուժեն արտասահմանցիների համար նախատեսված տարածաշրջանային փաթեթները, որոնք մի քանի տարի շարունակ ստեղծել և գովազդել են Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները։
Միևնույն ժամանակ, Հայաստանը Վրաստանի երեք հիմնական շուկաներից մեկն է հատկապես ամառվա ընթացքում։ Գաղտնիք չէ, որ Սև ծովի հանգստավայրերում արձակուրդն անցկացնողների մեծ մասը հենց մեր հայրենակիցներն են։
2019 թ․-ի տվյալներով՝ Վրաստան այցելողների թվով Հայաստանը երրորդ տեղն է գրավել(1 365 048 քաղաքացի)՝ Ադրբեջանից (1 526 619) և Ռուսաստանից (1 471 558) հետո։
Հիշեցնենք, որ հայ-վրացական սահմանը փակ է մարտից՝ որպես կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոց։
Հայաստանը պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունել. ինչո՞վ է զբաղված ֆեդերացիան