ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից (Երևանից մեկնելու ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 23:55):
«Հուլիսի 4-ին նախատեսված է Մոսկվա-Երևան չվերթը` «Red Wings»-ի կողմից (ժամանում 01:40), հուլիսի 6-ին՝ Մոսկվա-Երևան չվերթը` նույն ավիաընկերության կողմից (ժամանում 21:40)»,–նշված է քաղավիացիայի ֆեյսբուքյան էջում։
Բացի այդ, հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 4-ին նախատեսված է Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը («Red Wings» ժամանում 19:30):
Ի դեպ, արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:
Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան, այսպես կոչված, ՀՀ քաղաքացիների տարհանման հատուկ չվերթներ են իրականացվել, մասնավորապես՝ Մոկսվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։
Պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։