ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախագահը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ:
«Բժիշկը տեղում չէ, դեղ չունենք...». կորոնավիրուսն ավելացրել է հաշմանդամների խնդիրները
«Սարգսյանը հանդիպել է առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի, առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյանի հետ։ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել առողջապահության նախկին նախարար, ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող, պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպումների և զրույցների ընթացքում խոսվել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակի, առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության, առողջապահական համակարգի որդեգրած ռազմավարության մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համավարակի տարածումը կանխելու և հաղթահարելու ուղիների շուրջ: Առողջապահական ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները:
Հիշեցնենք, որ համավարակի մասին քննարկումների նպատակով ՀՀ նախագահը պարբերաբար հանդիպում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 482–ով և դարձել 25 127։