ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում այսօր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոում ստացել են ժամը 11։08-ին։
«Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա»,–ասվում է հաղորդագրության մեջ։
«Ձյունիկ սառնարանում» 6 օր տևած հրդեհը մարվել է. տեսանյութ
Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Հիշեցնենք` 2019թ.–ի օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ էր բռնկվել, որը մարելու համար հրշեջներից 6 օր պահանջվեց։