ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ)։
«Տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱԱՏՄ–ի հրապարակած լուսանկարներում երևում է, որ շուկայի գործունեությունը կվերսկսվի հունիսի 28-ին։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։