ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երևանի «Էդեն» պանդոկ-սրճարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է սրահի գույքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 27-ին, ժամը 03:58-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կասկադ համալիրի մոտակայքում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանի 1-ին հարկի սրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։37-ին, մարվել՝ 04։57-ին։
Հրդեհի հետևանքով այրվել է սրահի գույքը, և ջերմահարվել երկու օդորակիչ, մեկ համակարգիչ, լոգարանի առաստաղը և մալուխներ։
Հիշեցնենք, որ երեկ` մոտավորապես 21։00-ին, հրդեհ էր բռնկվել նաև Երևանի մարզահամերգային համալիրի տարածքում։ Դեպքի վայր էին մեկնել 14 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։