ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է մինչև 40 տարեկան 40 հաջողակ ռուսաստանցի աստղերի ցանկը։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առել տարվա եկամուտը, հիշատակումները լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում, հարցումները Яндекс և Google որոնողական համակարգերում, Instagram-ում և YouTube-ում բաժանորդների քանակը։
Պարբերականի ցանկում երկու հայ է ներառվել։ 23-րդ տեղում է թենիսիստ Կարեն Խաչանովը։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 6 միլիոն դոլար, ԶԼՄ-երն ավելի քան 14 հազար անգամ հիշատակել են նրա անունը, այսինքն` նրա մասին ավելի շատ են գրել, քան ցանկի երրորդ տեղում հայտնված երգիչ Եգոր Կրիդի։ Կարեն Աբրահամի Խաչանովը Ռուսաստանի առաջին ռակետն է, աշխարհի ութերորդ ռակետը, ընդամենը 24 տարեկան է։
Ցանկի 30-րդ տեղում Միխայիլ Գալուստյանն է, որը մեկ տարում 1,5 միլիոն դոլար է վաստակել, նրա մասին գրել են մոտ 3000 հազար անգամ։ 40 տարեկան Գալուստյանը դերասան է, շոումեն, հաղորդավար, իսկ վերջերս սկսել է նաև երգել։
Խաչանովից ու Գալուստյանից բացի` ցանկում է ներառվել նաև երգչուհի Օլգա Բուզովան, որը լուրջ հարաբերություններ ունի հայ բլոգեր Դավայի (Դավիթ Մանուկյան) հետ։ Գեղեցկուհին համեմատաբար քիչ է վաստակել՝ 2,7 միլիոն դոլար, բայց լրագրողները 43 հազար անգամ հիշատակել են նրա անունը։
Նշենք՝ հայտնի երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը չի ներառվել ցանկում, քանի որ արդեն 46 տարեկան է։ Նախորդ տարի այս ցանկում կար նաև Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան) անունը։ Թեև նրա տարեկան եկամուտը գերազանցել է 1 միլիոն դոլարը, բայց նրան չեն ընդգրկել ցանկում, քանի որ Մեդվեդևայի անունն այդքան շատ չեն հիշատակել լրատվամիջոցներում ու սոցցանցերում, նրա բաժանորդների քանակն էլ այդքան շատ չէ։
Forbes-ի հեղինակավոր ցանկը գլխավոր է մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովը։ Նրան հաջորդում են Օլգա Բուզովան, Եգոր Կրիդը, հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինն ու լրագրող Քսենյա Սոբչակը։