ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ խոսելով մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ տնտեսական դժվարությունների, պարենի անվտանգության խնդրի, վերջին շրջանում Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Սահմանադրության և սահմանադրական բարեփոխումների մասին: Նախագահ Սարգսյանը պատասխանել է այս թեմաների վերաբերյալ դիվանագետներին հետաքրքրող հարցերին:
Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Սահմանադրությունը պետք է հավասարակշռված լինի՝ հիմնված զսպումների և հակակշիռների մեխանիզմների վրա: Ուրախ եմ, որ կառավարությունը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները։ Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
759 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23 247–ի
Օգտագործելով առիթը՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ դժվարին ժամանակներում Հայաստանին աջակցելու համար: Նշելով, որ ներկայումս բոլորի համար դժվար ժամանակներ են, և դրանք շուտ չեն ավարտվելու՝ նախագահը կարևորել է փոխօգնությունը, համատեղ աշխատանքն ու ջանքերը։