ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանցի հաքերներն այսօր պատասխանել են Ադրբեջանում գործող հաքերական խմբի հրապարակումներին: Ի պատասխան կորոնավիրուսով հիվանդ ՀՀ քաղաքացիների հրապարակված տվյալների` հայերը հրապարակել են Ադրբեջանի՝ կորոնավիրուսով հիվանդ ու մահացած քաղաքացիների տվյալները՝ պաշտոնական փաստաթղթերով:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայ հաքերների այս քայլը որակում է որպես պատասխան գործողություն ու հակառակորդին զսպելու փորձ:
«Սովորաբար հայկական հաքերները նույն մակարդակում չեն գործում, ինչ ադրբեջանցիները, որոնք օր ու գիշեր մտածում են միայն վնաս տալու մասին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ հայ հաքերների այս գործողության հիմնական նպատակը ադրբեջանական կողմի` արդեն պարբերաբար դարձող արտահոսքերը զսպելն է:
Փորձագետը հիշեցնում է, որ ադրբեջանական հաքերային «Ռենջեր» կոչվող խումբը վերջին 10 օրվա ընթացքում արդեն երկու անգամ հայաստանցի վարակակիրների անձնական տվյալներ է հրապարակել:
Ծանոթ լինելով ադրբեջանական այդ խմբի գործելաոճին` Մարտիրոսյանը համոզված է, որ այս գործողությունների հիմնական ու միակ նպատակը հայաստանցիներին վնաս հասցնելն է:
Մինչդեռ ի պատասխան ադրբեջանական խմբի՝ ադրբեջանցիների տվյալները հրապարակած «Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ» անունով գործող հայաստանցի հաքերների խումբը, փորձագետի բնորոշմամբ, հիմնականում պաշտպանական գործելաոճ ունի:
«Այսինքն՝ սկսում են հարձակումները, երբ այն կողմից հարձակումների ակտիվություն է լինում: Երկար ժամանակ՝ շուրջ 1-2 տարի, «Մոնթե Մելքոնյանը» բավականին պասիվ է եղել: Իսկ այդ նույն «Ռենջեր» թիմն անընդհատ ինչ-որ բաներ արել է»,- ասաց Մարտիրոսյանը:
Այդուհանդերձ, տեղեկատվական անվտանգության փորձագետը չի հերքում, որ անձական տվյալների այսօրինակ արտահոսքերը խոցելի են դարձնում հասարակ քաղաքացիներին: Բայց մյուս կողմից սա նաև միջոց է հակառակ կողմին ստիպելու դադարեցնել հայաստանցիների անձնական տվյալները հրապարակելու գործելաոճը:
Թե որքանով այս «փոխհրաձգությունը» հնարավորություն ունի վերածվելու կորոնավիրուսային կիբեռպատերազմի, Մարտիրոսյանը դժվարացավ կանխատեսել: Փոխարենը նա շատ ավելի մեծ հույս ունի, որ հայ հաքերների պատասխան քայլից հետո ադրբեջանական հաքերները կհրաժարվեն իրենց մարտավարությունից:
Հիշեցնենք՝ ադրբեջանական հաքերների «Ռենջեր» թիմը հունիսի 13-ին հրապարակել էր Հայաստանում կորոնավիրուսով վարակված 3 500 քաղաքացիների անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, անձնագրի տվյալներ, հասցեներ, հեռախոսի համարներ, ինչպես նաև՝ նրանց շփման շրջանակին վերաբերող տվյալներ: Հունիսի 24-ին նույն խումբը անձնական տվյալների երկրորդ արտահոսքն իրականացրեց, որտեղ արդեն ներառված էին շուրջ 1000 քաղաքացիների անձնական տվյալներ:
Ինչպես կարող էին COVID-19–ով մեր հիվանդների տվյալները հայտնվել ադրբեջանցի հաքերների մոտ