ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այսօր գերազանցել է 9.3 մլն–ը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Հունիսի 24-ի դրությամբ բացահայտված վարակվածների թիվը 9 359 372է։ Համավարակի զոհ է դարձել 479 879 մարդ։ Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատար երկրների եռյակը անփոփոխ է մնում` ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։
Այսպես, Միացյալ Նահանգներում COVID-19 է հայտնաբերվել 2 424 418 մարդու մոտ։ Մահվան ելքերը` 123 475 են։
Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 151 479 մարդու մոտ։ Մահացել են 52 771-ը։
Աղբյուրի համաձայն` երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ COVID-19–ի բացահայտված դեպքերի քանակն այստեղ 599 705 է, կորոնավիրուսի բարդացումներից մահացել է 8 359 պացիենտ։
Երկրների առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան և Իրանը։
Չինաստանը, որտեղ COVID-19–ի բռնկումն առաջինն էր արձանագրվել, զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։ Տվյալների համաձայն՝ Հայաստանը 50-րդ տեղում է։ Հունիսի 23 –ի համեմատ այն մեկ կետով բարելավել է իր տեղը։
Ո՞ր տեղում է Հայաստանը կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։