ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի –Sputnik. Հունիսի 23-ին Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքացի Հայաստանից հայրենիք է վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Երևան–Կալուգա–Երևան երթուղով չվերթի մասին տեղեկություն ստանալով` դեսպանատունը մշակել է տվյալ չվերթի օգտագործման հնարավորությունը ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար։ Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնեցումներ ՌԴ մարզային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ», –ասվում է դիվանագիտական առաքելության Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս չվերթից կարողացել է օգտվել 107 ռուսաստանցի։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում համակարգել են ուղևորների գրանցման և նստեցման գործընթացը, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին։
Տեղեկության համաձայն` ամեն ինչ ընթացել է սովորական ռեժիմով` Հայաստանի պարետատան սահմանած անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ։
«Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու հետ կապված աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։ Առիթից օգտվելով` կցանկանայինք երախտագիտություն հայտնել «Արմենիա» ավիաընկերությանը», – գրված է հաղորդագրության մեջ։
Հայաստանից համալիր աշխատանքի շրջանակում ընդհանուր առմամբ 1377 ՌԴ քաղաքացի է հայրենիք տեղափոխվել։