ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց միայն խորհրդարանական մեծամասնության մասնակցությամբ:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նիստին ներկա չեն: Նշենք, որ մինչ այդ այս ուժերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստին, քանի որ Սահմանադրության փոփոխությունների այս տարբերակը համարում են անօրինական ու հակասահմանադրական: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 88 պատագավորները ներկա են նիստին:
Խմբակցության անդամ, Սահմանադրական փոփոխությունների նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ արտահերթ նիստի առաջին ու երկրորդ ընթերցումների միջև սահմանվում է 24- ժամյա ռեժիմ:
Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ նախագահին էր ներկայացրել հունիսի 19-ին:
Դրանով առաջարկվում է պաշտոնանկ անել մինչև Սահմանադրությանը 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում՝ մինչև 12 տարին լրանալը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:
Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել, ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:
Իշխանությունների սրտի ՍԴ նախագահի էտալոնը Վահե Գրիգորյանն է. ԲՀԿ
Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո, փաստորեն, Հրայր Թովմասյանը, ում պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի: