ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամը կարելի է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցելու միջոցով։ Նման կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Ավելի վաղ Եվրոպայի խորհուրդը հայտարարություն էր տարածել` հայտնելով, թե Վենետիկի հանձնաժողովն ինչ կարծիք ունի իշխանությունների առաջադրած իրավական երեք հարցի առնչությամբ։ Վենետիկի հանձնաժողովը լեգիտիմ է ճանաչել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացը, հանրաքվեի չեղարկումն ու դատավորներին փոխարինելը, սակայն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է անցումային փուլից։
«Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որ այն դատավորները, որոնք դեռ 12 տարի չեն պաշտոնավարել, շարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնները։ Դատավորները, որոնք արդեն 12 տարի պաշտոնավարում են, մինչ փոխարինվելը պետք է օգտվեն նոր անցումային շրջանից, որի տևողությունը կսահմանի Հայաստանի իշխանությունը», - նշված է գլխավոր քարտուղարի զեկույցում։
Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է իրենց կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին։
«Կոչ եմ անում իշխանությանը առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվություններով` աստիճանաբար կյանքի կոչելով 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան»,– նշել է Բուրիչը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի հին կազմը պետք է փոխվի, քանի որ դատավորները, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել են նախկին կարգով և կարող են աշխատել մինչև 70 տարեկան, իսկ նոր անդամները՝ երկու անգամ վեցական տարով։
Փոփոխություններն ուզում էին իրականացնել հանրաքվեի միջոցով, սակայն կորոնավիրուսի պատճառով այն չեղարկվեց։
Հետո իշխանությունը որոշեց Սահմանադրությունը փոխել խորհրդարանի միջոցով։
ՍԴ որոշ դատավորներին թոշակի ուղարկելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ