ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Այսօր Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը։ Տոնի առիթով բուժոլորտի աշխատակիցներին շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 560–ով և դարձել 20 268
«Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը։ Ես միանում եմ ձեր հասցեին հնչող երախտագիտության բոլոր խոսքերին և ասում.
Շնորհակալությո՛ւն, բժիշկ,
Շնորհակալությո՛ւն, բուժքույր ու բուժեղբայր,
Շնորհակալությո՛ւն, մայրապետ ու սանիտար,
Շնորհակալությո՛ւն, շտապօգնության վարորդ և տեխնիկական աշխատակիցներ,
Շնորհակալությո՛ւն, ապագա բժիշկ, որ ուսումդ ժամանակավոր փոխարինել ես քո ապագա տնով՝ հիվանդանոցով․․․
Շնորհակալություն, բուժհիմնարկների ղեկավարներ:
Շնորհակալությո՛ւն բոլորիդ»,- նշված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է՝ որևէ գնահատականը չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ նրանք անում են հատկապես այս օրերին։ Արմեն Սարգսյանը վստահ է՝ համավարակի հետևանքով ստեղծված համաշխարհային խառնաշփոթի մեջ մի անձեռնմխելի արժեք կա՝ դա հարգանքն ու խոնարհումն է բուժաշխատողների առջև։
Նախագահ Արմեն Սարգսյանը բուժաշխատողների ընտանիքներին ամենայն բարիք է մաղթել։