ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպել են։ Մարուքյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ ՌԴ դեսպանին ընդունել են խմբակցությունում։
«Դեսպանի հետ քննարկել ենք պառլամենտական համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ ԵԽԽՎ շրջանակներում մեր համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի գործում Ռուսաստանի աջակցության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների և այլ հարցերի վերաբերյալ»,- նշել է Մարուքյանը։
Հիշեցնենք՝ այսօր Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նրանք քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները։ Զրույցում կողմերն ընդգծել են ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը։
Մինչ այդ դեսպան Կոպիրկինը հանդիպում էր ունեցել նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ու ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:
Հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ռուսաստանի՝ հայկական կողմին ցուցաբերած աջակցությանը վերաբերող հարցերից բացի կողմերն անդրադարձել էին նաև հայաստանյան ներքաղաքական օրակարգի որոշ հարցերի: