ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում մի շարք դրական փոփոխություններ են կատարվել կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում նշել է, որ որոշվել է հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում։
Ովքեր են կառուցապատելու Ֆիրդուսի թաղամասի տարածքը, և ինչ է հայտնի նոր ներդրողների մասին
Վերարժևորվելու են շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:
«Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի, ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ»,- գրում է Տիգրան Ավինյանն ու հավելում, թե այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը կդարձնեն ամբողջական ու ավելի լավը։
Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` հեղափոխությունից մեկ ամիս առաջ:
Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին:Ըստ կառուցապատման նախագծի, որի հեղինակն, ի դեպ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, ապա քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է, Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ: