ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Սևանում ապօրինի ձկնագողության դեմ պայքարելու համար Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է իրականացնել սիգի փորձարարական որս: Կառավարության համապատասխան որոշման նախագիծն այսօր գործադրի հերթական նիստում ներկայացրեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:
«Սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ Սևանում թույլատրվել է 2004թ.-ին, այսինքն՝ 2005 թ.-ից սկսած` սիգի օգտագործման չափաքանակ չի սահմանվել, և լիազորված մարմնի կողմից որս չի թույլատրվել»,- հիշեցրեց Ջիլավյանը:
Փորձարարական որսի ընթացքում, ըստ նախագծի, թույլատրվելու է որսալ միայն 500 գրամից ոչ պակաս ձուկ: Որսը թույլատրվելու է բացառապես 40 սմ-անոց և ավելի խոշոր ցանցավանդակներով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա:
Որսը թույլատրվելու է մինչև 2020թ.-ի հոկտեմբեր ամիսը. ձվադրման սեզոնին սիգի որսը դարձյալ կարգելվի:
Ձուկ չէ, այլ հրաշք. հայ խոհարաները 4 մեդալով են վերադարձել Դաղստանից
Ձկնորսական նավակները լիճ մուտք են գործելու միայն դրանց համար նախատեսված 17 տեղամասերից:
«Որսը կազմակերպվելու է օրվա լուսավոր ժամերին: Մուտքի և ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչները համապատասխան մատյանում լրացնելու են լիճ մուտք գործած լողամիջոցի և ձկնորսի տվյալները, մուտքի և ելքի ժամը, որսագործիքները: Որսի ավարտից հետո գրանցելու է որսված ձկան քանակը: Մատյանի տեղեկատվությունը պարբերաբար փոխանցվելու է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ որսված ձկան քանակի վերլուծություն կատարելու համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Որս իրականացնել ցանկացողները նախարարությանը հայտեր կարող են ներկայացնել և՛ առձեռն, և՛ փոստով, և՛ էլեկտրոնային փոստով:
Թե յուրաքանչյուրն ինչ ծավալի որսի իրավունք կստանա, պարզ կլինի միայն հայտերի քանակի վերլուծությունից ու թույլատրված արդյունագործական որսի ծավալը դրանց միջև բաշխելուց հետո:
Չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ. երբ Սևանի ձկնորսներն անհարգալից ժեստը «վերածեցին» դոլարի