ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հայաստանում բժշկական դիմակների գների իջեցում է կանխատեսվում: Տեղեկությունը կառավարության նիստում հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով` այս պահին խոշոր դեղատնային ցանցերում տեղական բժշկական եռաշերտ դիմակները վաճառվում են 100 դրամով, ներմուծվածները՝ մինչև 150 դրամով:
Ավտոմատ վաճառքի ապարատներում դրանց գինն ավելի ցածր է, ու ՏՄՊՊՀ նախագահի տեղեկություններով, այսօրվանից ավելի կնվազի:
«Երկու տեղական արտադրող ընկերություններ էլ գինը նվազեցրել են: Այսօր նոր խմբաքանակը, որ ստանանք, արդեն 2 դիմակի գինը կլինի առավելագույնը 15 դրամ, այսինքն՝ 1 դիմակը՝ 75 դրամի շրջանակներում: Դրանք ստերիլ փաթեթավորված են ու հարմար են օգտագործման համար»,- ասաց Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ այս ամիս հանձնաժողովը կավարտի դիմակների շուկայում ուսումնասիրությունը, ու եթե հաստատվեն համաճարակի օրերին գնային չարաշահումների դեպքեր, մեղավորները կպատժվեն: Այդուհանդերձ, Գևորգյանը վստահեցրեց, որ դեպքեր, երբ 20-30 դրամանոց դիմակը վաճառվել է 200 դրամով, չկան:
«Այո՛, ժամանակին դիմակների գինը եղել է 20 դրամ, բայց դրանց ներմուծման գներն են ցածր եղել: Համաշխարհային դեֆիցիտի պատճառով դրանց գները բարձրացել են»,- ասաց նա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հիշեցրեց, որ դիմակ դնելը պարտադիր դարձնելու որոշումից հետո ՀՀ կառավարությունը թույլ տվեց ֆինանսական խնդիրներ ունեցող քաղաքացիներին դնել ինքնաշեն դիմակներ:
«Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Մենք խնդրում ու կոչ ենք անում մեր քաղաքացիներին, այդ թվում՝ այստեղ ներկա, կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է` կրել սովորական բժշկական դիմակ, որը մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում: Կտորե դիմակ կրելը միայն պետք է ֆինանսական սեգմենտով պայմանավորված լինի և ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով»,- ասաց Թորոսյանը:
Որտեղից է հիմնականում տարածվում կորոնավիրուսը, և քանի քաղաքացի է վարակված, բայց տանը
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 665–ով և հասել 18698-ի։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 728 մարդ, կատարվել է 89 992 թեստավորում, առողջացել են վարակվածներից 7560–ը (+746) ։ Գրանցվել է մահվան 309 (+7) դեպք։
Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 99 է (+3)։
«Մեղավորները կստանան արժանի պատիժը». Գյումրիում մահացած կնոջ հարազատները բողոքում են