ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բազում կոչումներ ունի. նա բիզնեսլեդի է, հեռուստաաստղ, դիզայներ, երկրագնդի ամենահարուստ հայուհին, չորս երեխաների մայր, մարդու իրավունքների ակտիվ պաշտպան։ Վերջերս այդ կոչումներն ավելացան ևս մեկով․ համացանցում վստահ են, որ Քիմը աշխարհի լավագույն մորաքույրն է։
Նա շատ քաղցրիկն է. Քիմ Քարդաշյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել
Քիմը չորս քույր և մեկ եղբայր ունի, որոնք բոլորը, բացի Քենդալ Ջեններից, երեխաներ ունեն։ Քիմի ավագ քույրը՝ Քորթնին, երեք զավակ ունի՝ Մեյսոնը, Պենելոպան և Ռեյնը։ Մեյսոն Դիսիքը տասը տարեկան է, և Քարդաշյան-Ջեններ ընտանիքի առաջին թոռը։ Տղան միշտ մորաքույրների և քեռու ուշադրության կենտրոնում է եղել։ Անգամ այսօր, երբ արդեն տասին հասնող զարմիկներ կան, Մեյսոնին շարունակում են ջերմությամբ ողողել։
Քիմը իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ինքն ու Մեյսոնը փռված են բազմոցին և համով բաներ են ուտում։ Հեռուստաաստղի ձեռքին շոկոլադե խմորեղեն է, իսկ Մեյսոնը փոփոքորնի մեծ ափսե ունի իր առջև։ Քիմը բազմիմաստ վերնագիր է դրել նկարին․ «Երբ ես «դայակություն» եմ անում»։
Լուսանկարը հազարավոր մեկնաբանությունների ունի, օգտատերերի մեծ մասը ուրախանում է, որ Քիմը խիստ չի վերաբերվում երեխաներին և չի պարտադրում նրանց միայն առողջարար սնունդ ուտել։ «Հերիք չի Քիմն է մորաքույրդ, մի հատ էլ թողնում է պոպկորն ուտես, երջանիկ երեխա», «Մեյսոնը ինչ հանգիստ տեսք ունի, իր մոր հետ նկարներում նա միշտ ձգված է», «Քիմ, դու ամենաթույն մորաքույրն ես», գրում են քոմենթներում։ Գտնվել են նաև քննադատողներ։ Նրանք գրում են, որ ինքն էլ չորս երեխա ունի և լավ կլինի՝ սկսի իրեն «մեծի» պես պահել։
Սակայն ամենաուշադիր մեկնաբանողներն ու «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի հետևորդները համոզված են, որ աստղային ընտանիքում շուտով սկանդալ կհասունանա։ Բանն այն է, որ Մեյսոնի մայրը՝ Քորթնի Քարդաշյանը, բազմիցս ասել է, որ խստորեն հետևում է իր երեխաների սննդակարգին և արգելում է նրանց շատ քաղցր և աղի ուտել։ Երկրպագուները քույրերի միջև կռիվ են կանխատեսում Քիմի հրապարակված նկարից հետո։
Նշենք, որ Մեյսոնը, ինչպես և նրա մայրը, քույրն ու եղբայրը, 2019-ին առաջին անգամ եղան Հայաստանում։ Թե նրանք, թե Քիմն ու իր չորս զավակները մկրտվեցին Էջմիածնի Մայր Տաճարում։ Մեյսոն Դիսիքը մկրտության ժամանակ ստացել է Նարեկ անունը, Քիմի զավակներից երեք` Սեյնթը, Չիկագոն և Փսալմը, ստացել են Վարդան, Աշխեն և Գրիգոր անունները, Քորթնի Քարդաշյանի համար եկեղեցում ընտրել են Գայանե, իսկ Քիմի համար Հեղինե անունները։ Քիմի ավագ դուստրը՝ Նորթ Ուեսթը, մկրտություն էր ստացել դեռ 2015-ին Երուսաղեմի հայկական եկեղեցիներից մեկում։