ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում այսօր անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին և արած հայտարարությանը:
Հայտնել էինք, որ ԲՀԿ–ն բոյկոտեց ԱԺ նիստը և պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից։ ԲՀԿ–ական պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար` իշխանության կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի հետ։
«ԲՀԿ–ն որպես ընդդիմությանը լռեցնելու փորձ է համարում Ծառուկյանի դեմ տեղի ունեցածը։ Կարծում եմ` բոլորս պետք է դուրս գանք որևէ մեկին լռեցնելու տրամաբանությունից, քանի որ դա ոչ միայն անհամարժեք չէ և չի համապատասխանում մեր արժեքային հենքին, այլև չի համապատասխանում իրականությանը: Ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունը իր հայտարարություններով կամ որևէ այլ կերպ չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը»,–ասաց Մակունցը:
Նրա խոսքով` երեկ նույնպես ԲՀԿ–ականները խոսում էին քաղաքական մեծամասնության կողմից ընդդիմությանը լռեցնելու մասին և դա այն պարագայում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր:
Հայտնի է, թե ինչ քրգործի շրջանակներում է հարցաքննության ծանուցում ստացել Ծառուկյանի որդին
Մակունցի խոսքով, «Իմ քայլը» լռում էր, քանի որ այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել կողմ հանդիսացող ԲՀԿ–ի հարցադրումները և ելույթները։ Մակունցը վստահեցնում է` «Իմ քայլի» պատգամավորները երեկ լուռ էին, քանի որ ուզում էին, որ թե՛ հանրությունը, թե՛ միջազգային գործընկերներն առանց ավելորդ ելույթների լսեն և հասկանան՝ ինչ է կատարվում։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ն որոշեց զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։
ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:
Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:
Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը կքննվի երեկոյան
Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: