ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 13-ի դրությամբ կայացվել է 2873 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
«Հունիսի 13-ի դրությամբ դրությամբ իրականացվել է 27 902 ստուգում, որից միայն 466-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,–նշված է կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
Նշենք, որ ստուգումներն իրականացնում են 5 գերատեսչություններ` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, կրթության տեսչական մարմինը և շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Հիշեցնենք, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` շրջայցերն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա նշված են անվտանգության հիմնական կանոնները:
Մոտ 70 տնտեսվարող խախտել են պարետի որոշումները. ՍԱՏՄ–ն կասեցրել է դրանց գործունեությունը
Եղիազարյանի հաղորդմամբ` վերջին շրջանում առավել հաճախ խախտումներ են արձանագրվում ստոմատոլոգիական կենտրոններում, գեղեցկության սրահներում ու դեղատներում։ Առաջին երկուսն իրենց աշխատանքի «սպեցիֆիկայով» առանձնանում են, հետևաբար նրանց մոտ հաճախ մանրէազերծման, ախտահանման ու թափոնների վերացման աշխատանքներն են թերի կատարվում։ Պատահական չէ, որ նմանօրինակ տնտեսվարողների կասեցումների քանակն ընդհանուր թվի մեջ զգալի է։