ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են և վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ: Եղբայրական Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողները առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում»,–նշված է գրասենյակի գրառման մեջ:
Գրասենյակը շեշտում է, որ սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության համագործակցությամբ:
Հիշեցնենք` հունիսի 14–ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 16 667–ի։
Փաստացի բուժում է ստանում 10093 մարդ, կատարվել է 82 324 թեստավորում, առողջացել են վարակվածներից 6214-ը։ Գրանցվել է մահվան 269 դեպք (+5)։
Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 91 է։