ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի 252 մասնակցի նկատմամբ կիրառվել է վաչական ձերբակալում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
««Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել են հավաքները: 2020 թվականի հունիսի 14-ին մի խումբ անձինք, անտեսելով հավաքների արգելքը' Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, կազմակերպել և անցկացրել են հավաք: Նշված անձինք չեն ենթարկվել նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին, ուստի ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Օրվա ըբթացքում բերման են ենթարկվել նաև բողոքի ակցիային մասնակցող Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցությունների անդամները:
Այն, ինչ եղել է իմ ելույթից հետո, ընդունում եմ որպես քաղաքական հայտարարություն. Ծառուկյան
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ նրան հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:
Ծառուկյանի աջակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում էին դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման ենթարկեցին մասնակիցներից ավելի քանի 100-ին: Նրանց թվում էին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:
Նշենք նաև, որ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց վերջինիս նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված քրեական գործերը: Այսպես՝ առաջին քրեական գործը հարուցվել է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ»-ի ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս: Երկրորդ քրեական գործով բացահայտվել են ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: Երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանը օտարված հողատարածքին: Ըստ քրեական գործի՝ Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Ծառուկյանը հարցաքննությունից դեռ դուրս չի եկել: ԱԱԾ-ի մոտ հավաքված կուսակիցներն ու համակիրները շարունակում են սպասել նրան:
Երևանի փոխոստիկանապետը մեկնաբանել է, թե ինչու են բերման ենթարկում քաղաքացիներին