ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրում է, որ իշխանական շրջանակում քննարկվում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխարինողների անունները։
«Նիկոլ Փաշինյանը կասկածում է բոլորին, բայց ամենամեծ վախը զինված ուժերից է։ Նեղ շրջանակում նա կասկած է հայտնել, որ կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել։ Դրանով է պայմանավորված Դավիթ Տոնոյանի վերջին օրերի ակտիվությունը, բանակի մասին հայեցակարգի հրապարակումը, որի գլխավոր ուղերձն այն է, որ բանակը չի խառնվելու քաղաքականությանը։ Ու չնայած նախարարի հավատարմության երդմանը, իշխանական շրջանակներում քննարկվում է նրան փոխարինողների անունը։ Այդ թվում՝ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի, որին Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ից հեռացրին հետախուզության ոլորտում ձախողումների համար»,-գրում է թերթը։
Հիշեցնենք՝ վերջին օրերին Հայաստանում կադրային լուրջ փոփոխություններ տեղի ունեցան։ Հունիսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։
ԱԱԾ ղեկավար նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, ոստիկանության պետ` Վահե Ղազարյանը, իսկ ԶՈւ պետ` Օնիկ Գասպարյանը։
Պաշտոնյայի գործողությունները չպետք է հակասեն վարչապետի ասածի կոնտեքստին. Փաշինյան