ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Բեյրութում հակահայկական արշավը կազմակերպել էր թուրքամետ հասարակական կազմակերպությունը։
Նախօրեին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լուսանկարներ և հայտարարություններ տարածվեցին Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հակահայկական ակցիայի մասին:
Գանդահարյանը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է լիբանանյան հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ, երբ քննադատություն է հնչել Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ, հատկապես տարածաշրջանում ագրեսիա իրականացնելու առումով։ Հեռուստահաղորդման հաղորդավարուհին ազգությամբ հայ է: Հեռուստադիտողներից մեկը ծաղրական և ազգային պատկանելիությունը վիրավորող գրառում է արել, որին էլ արձագանքել է հաղորդավարուհին:
Դրանից հետ, լիբանանյան թուրքամետ հասարակական կազմակերպության անունից վիրավորանքներ են հնչել հեռուստահաղորդավարուհու, հաղորդման հյուրի, հայ համայնքի և հեռուստաընկերության հասցեին:
«Վիրավորանքների հեղինակը հայտարարել է, որ ինքը օսմանների հետևորդ է, իր նախնիները ճիշտ են արել, որ հայերին կոտորել են», - ասաց Գանդահարյանը:
Դրան հաջորդել է հեռուստատեսության դիմաց բողոքի ակցիան, որի ժամանակ ևս հնչել են հակահայկական կոչեր:
Հայկական քաղաքական կուսակցությունները հայտարարություն են տարածել և դատապարտել այս դեպքը, ատելության խոսքի հռետորաբանությունն ու միջհամայնքային լարվածություն ստեղծող սադրանքը։
«Նրանք սպասում են, որ իրավապահ մարմինները և դատաիրավական համակարգը գնահատական տա կատարվածին», -ասաց Գանդահարյանը:
Նրա խոսքով` ընդհանուր գործընթացը ուղղորդվում է Անկարայից։ Այսօր Լիբանանում գործում են հասարակական կազմակերպություններ,որոնք սպասարկում են Անկարայի շահերը։ Սա կարելի է համարել թուրքական քաղաքականության հետևանք՝ Լիբանանում ազդեցության գոտիներ ստեղծելու համար:
«Այս ծրագրի առաջնային թիրախը հայերը չեն։Նպատակը Լիբանանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումն է»,-ասաց նա:
Նշենք, որ այժմ Բեյրութում զանգվածային անկարգություններ են ընթանում, որոնց պատճառը ազգային արժույթի կտրուկ անկումն է:
Թուրքերը տղային նետել են կամրջից, բայց նա փրկվել է. հայ Մաուգլիի անհավանական պատմությունը
Լիբանանի հայ համայնքը երկրում ապրող 7 խոշոր փոքրամասնություններից մեկն է: Ըստ տարբեր աղբյուրների` այնտեղ մոտ 200 հազար հայ է ապրում: Հայերի կարևորությունը վկայում է այն փաստը, որ նրանք լուրջ դերակատարություն ունեն Լիբանանի բոլոր ոլորտներում:
Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում