ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված հայաստանցիների տվյալներ են հանրայնացրել։ Տեղեկությունը հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ խոսքը վերաբերում է մոտ 3500 մարդու։
«Խնդրում եմ` ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ։ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերն ասում ա, որ մեյլ ա կոտրել ԱՆ-ից, բայց դե, ինչ կուզի` կասի։ Որքանով ա հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե իրական են, նման են իրականին, բայց դե մինչև չստուգվի, պարզ չի լինի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Մարտիրոսյանը նշել է նաև, թե որն է սրա վտանգը։
«Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինել»,– եզրափակել է փորձագետը։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 16004-ի։ Վերջին մեկ օրում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից։