ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ ՔԿ–ի` 2020թ. հունիսի 8-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ ոստիկանության ծառայողները զեկուցագիր են ներկայացրել այն մասին, որ ՀՀ պարետի ցուցումի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ ստուգայց են կատարել Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող ակումբ՝ աշխատանքը դադարեցնելու համար, որտեղ ակումբի մի շարք հաճախորդներ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խոչընդոտել են իրենց աշխատանքը, իրենց հասցեին տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, չեն ենթարկվել իրենց օրինական պահանջներին, որի ընթացքում բռնություն են գործադրել ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարի նկատմամբ:
Երևանում կրկին կրակոցներ են հնչել. 20-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց
«Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք` Արտակ Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարն է։