Տեսչական մարմինները շարունակում են խստացված մշտադիտարկումներ և ստուգայցեր իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տեսչական մարմնի աշխատանքային խմբերը ժամանակավորապես կասեցրել են տասնյակ տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մարզերում։ Դրանց թվում են լաբորատորիաներ, դեղատներ, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, գեղեցկության սրահներ։
Հաղորդագրությանը կից տեսանյութում երևում է, թե ինչպես են աշխատակիցները կասեցնող որոշում ամրացնում «Նատալի Ֆարմ» դեղատան, «Կայզեր» սուպերմարկետի, «Պրոմ-Տեստ» լաբորատորիայի և մի շարք այլ հաստատությունների դռներին։
Ըստ ԱԱՏՄ-ի`՝ Գյումրիում և Արթիկում երկու օրում կասեցվել է կարի 4 արտադրամասի գործունեություն՝ «Սաստեքս», «Սվեստեքս», «Չեխարմինվեստ» և «Վոլիում գրուպ», ընդ որում առաջին երկուսը՝ 72 ժամով։
«Մեծաթիվ աշխատողներ ունեցող կարի այս արտադրություններում կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելման նպատակով հաստատված նորմերի պահպանումը կարևորագույն նշանակություն ունի հանրային առողջապահական ռիսկերը կանխելու տեսանկյունից»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախորդ անակնկալ ստուգայցերի ընթացքում այս ձեռնարկություններում արձանագրվել էին պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ։ Մասնավորապես, չի ապահովվել անհրաժեշտ թվով փակվող աղբամանների առկայությունը, ջերմաչափման, ընդմիջումն արտադրական մասից դուրս՝ առանձին օդափոխվող տարածքում կազմակերպելու պահանջները թերի են կատարվել, աշխատանքային արտահագուստի և սեփական հագուստի համար առանձին հանդերձապահարաններ չեն նախատեսվել, կորոնավիրուսի կանխարգելման պատասխանատու չի եղել։
Գյումրու «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել
Հավելենք, որ ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձևեր։ Հավելենք, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության մի շարք ոլորտների համար՝ որոշ բացառություններով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն պետք է ավարտվեր հունիսի 13–ին։
Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։