«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի կարծիքով` կառավարության քայլը ճիշտ է և ողջունելի, բայց ուշացած, քանի որ կոնվենցիան Հայաստանը վավերացրել է դեռ 2010 թվականին, և միայն տասը տարի անց պատրատվում է ի վերջո վավերացնել նաև կամընտիր արձանագրությունը։
«Արդյունքը կլինի այն, որ անհատներն այսուհետ կկարողանան իրենց բողոքներով ուղղակիորեն դիմել ՄԱԿ–ի հաշմանդամության հարցերող զբաղվող կոմիտեին, ինչն իհարկե կխթանի մեր չինովնիկների զգաստությունը, ավելի մեծ պատասխանատվությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում», –նշում է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրենը։
Ալավերդյանը ցավով արձանագրում է այն իրողությունը, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները Հայաստանում մեծամասամբ ոտնահարվում են ու անտեսվում։
«Բերեմ ամենաթարմ օրինակը. կորոնավիրուսի տարածման պարագայում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված են հստակ ցուցումներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, տարբեր այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք հորդորում են հենց թիրախային, նպատակային կերպով աջակցել հաշմանդամություն ունեցող մարդկանց` համավարակը հաղթահարելու գործում։ Սակայն մեզ մոտ նույնիսկ կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ցանկում հաշմանդամություն բառը չես գտնի»,– ասում է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրենը։
Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը
Նրա գնահատմամբ` եթե մոռանանք ներկա իրավիճակը, հաշմանդամություն ունեցող անձանց համար տակավին խնդրահարույց է մատչելիության հարցը, այսինքն` դեռ կան հանրային նշանակության շատ շենքեր և տրանսպորտային միջոցներ, որոնք հարմարեցված չեն նշված խմբի անձանց։ Կան խնդիրներ նաև կրթության ոլորտում։
Թեև իշխանությունները որդեգրել են համընդհանուր ներառականության սկզբունքը, սակայն այդ ամենը մնում է թղթի վրա, մինչդեռ պետք է կիրառվի իրական կյանքում։ Ըստ Ալավերդյանի` զբաղվածության ոլորտում կա 90 տոկոսից ավել գործազրկություն, ինչը խայտառակ ցուցանիշ է։
«Այդուհանդերձ, հուսով ենք, որ վերջին քայլերը կնպաստեն իրավիճակի դրական ու որակական փոփոխությանը։ Երբ կամընտիր արձանագրությունը վավերացվի, Հայաստանի համար դառնա օրենք, մենք կիրազեկենք մարդկանց, թե դա ինչ ազդեցություն կունենա և ինչ հնարավորություններ կբացի նրանց համար, որպեսզի ավելի պաշտպանված լինեն մեր երկրում»,– նշում է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրենը։
Ալավերդյանի տեղեկացմամբ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միջև համագործակցությունը ոչ փայլուն է, ոչ էլ զրոյական, գերատեսչությունն իրենցից երբեմն ուզում է մասնագիտական կարծիքներ նախապատրաստվող նախագծերի վերաբերյալ, բայց կարծես դրանով ամեն ինչ սահմանափակվում է, մինդեռ համագործակցությունը պետք է լինի ավելի արդյունավետ։
Հաշմանդամություն ունեցող հայուհու ձեռքբերումը պետք է վարակիչ լինի բոլորի համար. Թաթոյան