ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ աշխատակազմին ներկայացրեց իրենց նորանշանակ ղեկավարին` Արգիշտի Քյարամանին։
«Եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը։ Ինչպես այլ կառույցներում, ԱԱԾ–ում նույնպես, պետք է գործեն աշխատանքային առաջխաղացման կանոնները։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ դեռ կան մարդիկ, որոնք գործում են այս սկզբունքին հակառակ։ Ես ընդունում եմ, որ կարող է գերատեսչական համերաշխություն, բայց դա չպետք է լինի երկրի շահերին հակառակ»,–նշեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ միասին աշխատած 2 տարին բավարար ժամանակ էր, որ ԱԱԾ–ի բոլոր աշխատակիցները դիրքավորվեն «թավշյա հեղափոխության»` այսինքն ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ։ Եվ այժմ արդեն պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ։ Վարչապետը նշեց, որ իր գերխնդիրն է եղել հատկապես ուժային կառույցներում ապահովել համակարգերի կայունությունն ու ստեղծել հնարավորություններ, որպեսզի բոլորն, ովքեր ունեն դրա մղոմը և ձգտումը, կարողանան դիրքավորվել նոր իրողություններին համապատասխան։ Եվ հիմա, նրա խոսքով, եկել է հենց այդ արդյունքներն ամփոփելու ժամանակը։
Փաշինյանը որոշումներ է կայացրել. ովքե՞ր են ԱԱԾ–ի, ԳՇ–ի և Ոստիկանության նոր ղեկավարները
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Մարտիրոսյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորելով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, հույս հայտնեց, որ նա կկարողանա ԱԱԾ–ն հասցնել նոր մակարդակի։
«Կյանքը դինամիկ է, և մենք պետք է կարողանանք մեր մատը պահել զարկերակի վրա»,–եզրափակեց Փաշինյանը։
Հիշեցնենք`երեկ`հունիսի 8–ին, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Հայաստանում մի շարք աղմկահարույց պաշտոնանկություններ եղան։ Զբաղեցրած պաշտոններից ազատվեցին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։
Պաշտոնանկությունների պատճառը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքն էր, որը տեղի ունեցավ հունիսի 7–ին։
Նշենք, որ Հայաստանում մինչև հունիսի 13–ը արտակարգ դրության ռեժիմ է, և մեծածավալ միջոցառումների անցկացումն արգելված է։
Վարչապետը երեկ պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ երջանկություն մաղթեց գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն ու հարսին, ցավ հայտնեց իրադարձությունների հետագա ընթացքի համար, բայց և շեշտեց, որ երկրի պետական անվտանգության շահը, պետական կառավարման որակի շահը պահանջում էր կայացնել նման որոշումներ:
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է պաշտոնից ազատել ԱԱԾ տնօրենին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետին
Նա նշեց, որ պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան կարգապահություն, որպեսզի քաջալերեն ժողովրդին և օր առաջ հնարավոր լինի հաղթահարել կորոնավիրուսի բերած ճգնաճամը: