ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Արմենուհի Մխոյան. Առաջին տարին չէ, որ Գյումրու ծայրամասային թաղամասերի բնակիչները դժգոհում են ստեղծված իրավիճակից: Հատկապես տաք ու արևոտ եղանակներին աղբի ինքնաբռնկման հետևանքով առաջացած ծուխը տարածվում է ամբողջ քաղաքում, իսկ արյումից արտազատված տհաճ հոտի պատճառով բնակիչները ստիպված են իրենց բնակարանների դռներն ու պատուհանները փակ պահել: Պատճառը՝ 1960-ականներին հիմնված Գյումրու քաղաքային աղբավայրի չափորոշիչների շեղումն է, որը չի համապատասխանում քաղաքաշինական կոմիտեի աղբավայրերի նախագծման ու շահագործման նորմերին:
Բնակիչներն արդեն հոգնել են բողոքելուց, սակայն, սայլը տեղից չի շարժվում:
«Անտանելի է, հատկապես երբ քամի է լինում հնարավոր չէ տնից դուրս գալ»,- դժգոհեցին Sputnik Արմենիայի խմբագրություն դիմած բնակիչները:
Գյումրու քաղաքապետարանում, պարզվում է՝ տեղյակ են տասնամյակների վաղեմություն ունեցող խնդրին: Նախատեսվող քայլերի մասին զրուցեցինք քաղաքապետարանի Կոմունալ ծառայության և համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանի հետ: Վերջինս նշեց՝ խնդրի լուծման միակ տարբերակը նոր աղբավայրի կառուցումն է:
«Որոշեցի այնպիսի բան անել, որ բոլորը զարմանան ու ուրախանան». գյումրեցու խոսուն տիկնիկները
«Այս պահին միայն հարթեցում ու հողապատում ենք իրականացնում՝ ապահովվելով շերտավորումը՝ նվազեցնելու համար ինքնայրումը: Խնդիրը նրանում է, որ 60-ականներին է հինվել ու ոչ ճիշտ տեղում: Հիմա սպասում ենք, որ նոր աղբադաշտի կառուցման խնդիրը լուծվի»,- ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ խնդիրը ներկայացվել է կառավարությանը:
Ի դեպ, անցյալ տարի աղբավայրում ստուգումներ է իրականացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Ստուգեցին՝ պարզվեց մեծ վտանգ չի ներկայացնում»,- հայտնեց պատասխանատուն։
Նշենք, որ նոր աղբավայրը նախատեսվում է կառուցել Բենիամին համայնքի հարակից տարածքում:
Քաղաքապետարանը միայնակ չի կարող պայքարել. Գյումրիում մեկնաբանել են շների հարձակման փաստը
«Կառավորությունը տեղյակ է, հիմա լիահույս սպասում ենք, որ հավանության կարժանացնի այս առաջարկը ու աղբադաշտը կտեղափոխվի»,- հույս հայտնեց Սամսոնյանը:
Թե որքան գումար կպահանջվի աղբավայրը տեղափոխելու համար՝ դեռևս չեն հաշվել: Ամեն դեպքում, աղբավայրի տեղափոխման կամ աղբի վերամշակման հարցը տևական ժամանակ է՝ քննարկումների փուլում է, սակայն խոսքից գործի անցնելու ժամկետները չեն նշմարվում: Այս պահին հստակ է միայն, որ համայնքային սուղ միջոցներով հնարավոր չէ խնդիրը կարգավորել, պետական աջակցություն է անհրաժեշտ, իսկ մինչ «սայլը տեղից շարժվի», բնակիչներին մնում է համակերպվել ու շարունակել ապրել գարշահոտության ու չդադարող ծխի մոխրագույնի պայմաններում: