ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսության այս տարի կրած կորուստները ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հույս ունի վերականգնել 2021 թվականին: Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում:
«Գնահատականները տարբեր են, տարբեր միջազգային կազմակերպություններ կարծում են, որ 3-5 տոկոս անկում կարձանագրվի՝ և՛ զարգացած, և՛ զարգացող տնտեսություններում: Եվ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատում են, որ 2021 թվականին նույն այդ տնտեսությունները կվերակագնվեն նույն չափով: Այսինքն՝ գնահատականները նորից 5 տոկոսի սահմաններում աճի հնարավորությանն են վերաբերվում»,-ասաց Խաչատրյանը:
Հայաստանը ևս դուրս չէ միջազգային այս կանխատեսումների տիրույթից: Նախարարի խոսքով` Հայաստանը փորձելու է արագ կողմնորոշվել, արագ գործել վերականգնման ժամանակահատվածում, ինչի շնորհիվ 2021 թվականը Հայաստանի համար լինելու է կորցվածը վերականգնելու տարի:
«Մենք չենք կարող և չենք ցանկանում վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել է այս ամենը: Նոր աշխարհում նոր իրականության մեջ մենք պետք է դիրքավորվենք այնպես և աշխարհին առաջարկենք այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք մրցունակ են, պահանջված են և երաշխավորում են երկարաժամկետ զարգացման հնարավորություններ»,-ասաց Խաչատրյանը:
Անշարժ գույքի երկրորդական շուկայի անկումը պայմանավորված չէ կորոնավիրուսով. Ապրիյան
Իսկ 2020-ի համար, Էկոնոմիկայի նախարարի խոսքով, ինչպես համաշխարահին տնտեսության, այնպես էլ Հայաստանի համար անկման տարի է: