Դավիթ Խաժակյանի համոզմամբ` Երևանի քաղաքապետարանի առաջնային խնդիրը պետք է լինի նոր տեղադրվող ինքնակամ կառույցների կանխումը, որոնց քանակն այսօր արդեն հասել է ահագնացող չափերի, իսկ երկրորդ խնդիրը պետք է լինի մայթերի ազատման գործընթացի սկսումը, ինչը սակայն պետք է ուղեկցվի տնտեսվարողների հետ քննարկումներով, որոնց ժամանակ պետք է առաջարկվեն այլընտրանքային տարբերակներ։
«Բայց դա արդյունավետ կլինի այն դեպքում, եթե թույլ չտանք նորերի տեղադրումը, իսկ հների խնդիրը լուծենք։ Իմ կողմից օրերս բարձրացված հարցերն առնչվում էին այն կրպակներին, որոնք բոլորովին նոր էին տեղադրվել և ըստ էության արդիական էին դարձնում խնդրի համակարգային լուծումը»,– նշում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։
Դավիթ Խաժակյանի տեղեկացմամբ` օրինակները բազմաթիվ են, երբ տնտեսվարողների հետ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ նրանք օբյեկտները տեղափոխեն այլ վայր, գուցե արդեն ոչ կրպակի տեսքով։ Նրա խոսքով` հարցը պետք է լուծվի նաև օրենսդրական կարգավորումների միջոցով, որովհետև ներկայիս օրենսդրությունը պահանջում է օրինականացնել բոլոր այն կառույցները, որոնք որոշակի ժամանակահատված է, ինչ կան և խանգարում են, ասենք, ուրիշ մեկին, սակայն մեր օրենսդրությունն այդ հանգամանքը չի դիտարկում։
«Դա էր եղել նաև քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոստումը, որ պետք է վերանայվի օրենսդրությունը, բայց ցավոք խոստումը մինչ օրս չի իրականացվել»,– ափսոսանքով նշում է Խաժակյանը։
Ավագանու անդամն ինքնակամ կառույցների թվում անդրադարձել է, օրինակ, Մարգարյան փողոցում գտնվող օբյեկտներին, որոնց շինաշխատանքներին քաղաքապետարանն ի սկզբանե տեղյակ է եղել, սակայն քայլեր անմիջապես չի ձեռնարկել` մտածելով, որ աղմուկ չի բարձրանա, և կրպակներից մեկն, օրինակ, այդպես էլ կմնա երթևեկելի հատվածում։ Սակայն խնդրին անդրադառնալուց հետո քաղաքային իշխանությունն ի վերջո գնաց ապամոնտաժման ճանապարհով, թեև որոշակի վնաս հասցրեց սեփականատիրոջը, ով այդ ընթացքում հասցրել էր կատարել շինարարական աշխատանքներ։
«Աղա ջան, բարկացա՞ծ ես». Թեհմինա Վարդանյանը դեղին քարտ ցույց տվեց Հայկ Մարությանին
Դավիթ Խաժակյանի դիտարկմամբ` մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում իրականացվել են ապամոնտաժման շատ աշխատանքներ, բայց ցավալին այն է, որ հակառակ գործընթացը նույնպես տեղի է ունենում, այսինքն` հայտնվում են նոր ինքնակամ կառույցներ, խոսվում է մայթերի զավթման մասին։ Դավիթ Խաժակյանը վկայակոչում է Տպագրիչների փողոցի շենքերից մեկի օրինակը, որի մայթային հատվածը գործող քաղաքապետի շինթույլտվությամբ խլվել է հանուն նրա, որ շենքի նկուղային հարկում կառուցվի հասարակական նշանակության օբյեկտ։ Նրա խոսքով, փաստորեն գնացել ու 1930-ական թթ.–ին կառուցված բազալտե շենքի հիմքը փորում են` վնաս հասցնելով շենքին, ինչն արվում է Հայկ Մարությանի թույլտվությամբ։