ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևանում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 01:20-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Էլյազյանն իր վարած BMW X 5 մակնիշի 87 RO 087 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Նուբարաշենի 14-րդ փողոցում բախվել է թիվ 1 տան երկաթե ցանկապատերին, կոտրել դրանք, այնուհետև առաջ ընթանալով բախվել թիվ 16 փողոցի 1-ին տան պատին ու կողաշրջվել:
Վարորդին ավտոմեքենայի տակից դուրս են բերել բնակիչները և վթարի հարևանությամբ գտնվող ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողները: Դեպքի վայր են ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վարորդի մահը: Բախման հետևանքով կոտրվել են տան երկաթե ցանցե ճաղավանդակները և քարե պարիսպը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից էր:
«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել